28 օգոստոսի 2017 - 15:48 AMT
Արցախի ու Աբխազիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Ողջունելով հյուրին` Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջև ձևավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսևորում, նաև նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Արցախի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։

Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: