1 սեպտեմբերի 2017 - 12:29 AMT
«Արտույտների ագարակը» վեպի հեղինակն Արցախում է. Նա ԼՂ մասին գիրք կգրի

«Արտույտների ագարակը» գրքի հեղինակ, իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանը Արցախում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Հայտնի գրողն Արցախ է այցելել Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 31-ին նրա հետ հանդիպում էր կազմակերպվել, որտեղ նա հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի մասին գիրք գրել:

Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին իմանալով իր հայկական արմատների մասին Արսլանը 2004-ին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: