1 սեպտեմբերի 2017 - 17:13 AMT
ՌԴ-ում առաջարկում են արտաքսել առանց պայմանագրի երկրում աշխատող հայերին

Ռուսաստանում մտադիր են պատժել առանց աշխատանքային հարաբերությունների պատշաճ ձևակերպման աշխատող օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում ԵՏՄ երկրներից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ՌԴ ներքին գործերի նախարարությունը: Դա վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում կիսաօրինական պայմաններում:

Ըստ ՌԴ գործող օրենսդրության, օտարերկրացիները պետք է հատուկ թույլտվություն ստանան կամ պատենտ ձևակերպեն աշխատելու համար: Այս պայմանը խախտելու համար քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 5000 ռուբլիով և արտաքսվել երկրից:

ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել ՌԴ-ում ռուսաստանցիների հետ հավասար պայմաններով, առանց թույլտվության կամ պատենտի:

«ՌԴ տարածքում ԵՏՄ քաղաքացիների աշխատանքային գործունեության իրականացման վերահսկումը արտոնագրային փաստաթղթերի միջոցով անհնար է»,-ասել են իրավապահ գերատեսչությունում, գրում է «Իրավական տեղեկատվության գործակալությունը»:

Հսկողության և պատժամիջոցների բացակայության պայմաններում բազում ընկերություններ աշխատանքի են ընդունում բելառուսների, ղրղզների կամ հայերի առանց պայմանագրեր կնքելու ու հարկեր վճարելու: Կասեցնելու համար դա, առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել ինչպես առանց աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիական իրավական պայմանագրի աշխատողների, այնպես էլ գործատուների համար: Քաղաքացիներին առաջարկվում է տուգանել մինչև 5000 ռուբլով և արտաքսել ՌԴ-ից, ընկերություններին՝ 800.000-ով կամ կասեցնել դրանց գործունեությունը մինչև 3 ամիս ժամկետով:

Բացի այդ, գործող օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին նշել աշխատանքը որպես նպատակ ՌԴ մուտք գործելիս: Սակայն, ՆԳՆ-ում նշում են, որ վերահսկողություն չկա, ուստի որպես զբոսաշրջիկ կամ անձնական նպատակով ՌԴ ժամանած օտարերկրացու տեղավորումն աշխատանքի նույնպես կգնահատվի որպես խախտում:

2016-ին աշխատանքային գործունեության ապօրինի իրականացման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 22.200 օտարերկրացի, իսկ տուգանքի միջին չափը կազմել է 3.500 ռուբլի: