2 սեպտեմբերի 2017 - 12:37 AMT
Էրդողանը խոսում է մահմեդականների սպանությունների մասին՝ մոռանալով Հայոց ցեղասպանությունը

Մյանմայի արևմուտքում գտնվող Ռակհայն նահանգում ընթացող բախումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մահմեդականների ցեղասպանություն» է որակել: Սա այն դեպքում, որ Անկարան դեռևս շարունակում է ժխտել 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Մյանմայի արևմուտքում անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ուժերը այդ տարածքում բնակվող ռոխինջա ազգության շրջանակում իսլամիստ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացնում: Այս ազգության ներկայացուցիչներին Մյանմայում անօրինական ներգաղթյալ են համարում և մերժում են քաղաքացիության տրամադրման հարցում, հաղորդում է AFP-ն:

Ահաբեկիչները հարձակվել են սահմանային անցագրային և ոստիկանական պահակակետերի վրա, ինչը խաղաղ բնակիչների մասսայական արտագաղթի պատճառ է դարձել: Մյանմայի կառավարությունն այս շրջաններից էվակուացնում է տեղացի բուդդիստներին, միևնույն ժամանակ մահմեդական ռոխինջաները ստիպված են ապաստան փնտրել հարևան Բանգլադեշում: Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով՝ 5 օրում սահմանը հատել է ավելի քան 27.000 մարդ:

«Այն մարդիկ, որ աչք են փակում այս ցեղասպանության վրա, որն իրականացվում է ժողովրդավարության դիմակի տակ, դրա հանցակիցներն են: Միջազգային ԶԼՄ-ները, որ նշանակություն չեն տալիս այս մարդկանց, ևս հանցագործության մասնակից են: Արականում մահմեդական բնակչության թիվը դեռ կես դար առաջ 4 մլն-ից ավելի էր, իսկ այժմ մոտ 1/3-ով կրճատվել է հետապնդումների ու արյունահեղության պատճառով: Այն փաստը, որ միջազգային հանրությունը լռում է այս մասին, մեկ այլ ողբերգություն է»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում:

Նա հավելել է, որ Թուրքիան անելու է հնարավորը միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելու համար:

«Թուրքիան խոսելու է, անգամ եթե մնացած բոլորը որոշեն լռել»,- ասել է նա:

Photo. REUTERS/Adnan Abidi