4 սեպտեմբերի 2017 - 11:48 AMT
Ցեղասպանությունից փրկված հայուհու թոռը՝ աշխարհի ամենահարուստ սաուդացի արքայազն

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը, որն ավելի հայտնի է որպես արքայազն Ալ Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունն օրեցօր ավելանում է:

Ապագա միլիարդատերը ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում սաուդացի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը, Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով, հայտնում է Rusarminfo-ն:

«Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում:

Արքայազնի նախաձեռնությամբ է ստեղծվել Kingdom Holding Company միջազգային կորպորացիան, որը զբաղվում է աշխարհի խոշորագույն ներդրումային նախագծերով: Արդեն 1990-ականներին սաուդացի արքայազնը գնեց միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատի բաժնետոմսերի մի մասը: 2000-ականներին արքայազնը դարձավ ամերիկյան News Corporation-ի ամենամեծ բաժնետերը, իսկ հետագայում՝ AOL, Apple, MCI, Motorola, Fox Broadcasting ընկերությունների խոշոր բաժնետեր: 2011-ին նա 300 մլն դոլար է ներդրել Twitter-ում: Ըստ Forbs-ի, արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է: 2016-ին նրա կարողությունը գնահատվել է 17,3 մլրդ դոլար: