5 սեպտեմբերի 2017 - 17:27 AMT
«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության մրցանակը՝ Թաներ Աքչամին

«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, վտարանդի թուրք պատմաբան Թաներ Աքչամին:

Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» պարբերականը՝ տեղեկացնելով, որ կազմակերպության նպատակներից է «պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է»:

Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին Աքչամին շնորհված մրցանակի կապակցությամբ նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կասյրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին՝ Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում ցուցաբերել եք հետևողական համառություն», մեջբերում է Ermenihaber.am-ը:

Թաներ Աքչամը թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։