6 սեպտեմբերի 2017 - 09:24 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն որոշել են Կովկասում ՀՕՊ համակարգի միասնական զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի շրջանակում գործող զորքի կազմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին հղումով:

«Որոշվել է զորքերի ցանկը, որը ՌԴ-ն ու ՀՀ-ն կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», - ՀՕՊ համակարգող հանձնաժողովի նիստում ասել է Կուրաչենկոն:

Նա շեշտել է, որ արդեն մեկնարկել է փաստաթղթերի մշակումը, որոնց շնորհիվ կիրականացվի երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը:

2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, իսկ 2016 թվականին Պետդուման վավերացրել է այն:

Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ ՌԴ Դաշնության խորհուրդն ընդլայնված նիստում վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը: