9 սեպտեմբերի 2017 - 16:31 AMT
Վրացերեն-հայերեն զրուցարան՝ Վրաստանի հայ ուսանողների համար

Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող հայերի և ադրբեջանցիների համար վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ են տպագրվել:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրին, որը գործում է սկսած 2010-2011 ուս. տարվանից, գրում է Jnews.ge-ն։

Զրուցարանի հեղինակների համոզմամբ՝ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,- նշված է ծրագրի նախաբանում:

Նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից:

Հետագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում գրքերի հեղինակները նախատեսում են ինտերնետային հարթակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինեն նաև դրանց աուդիո տարբերակները: