11 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT
ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը կարող է վերացվել

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը:

«Մոլդովան, ինչպես և Հայաստանը, ԱՊՀ անդամ է: Սա ստանդարտ համաձայնագիր է, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին կես տարի առանց վիզայի գտնվել Մոլդովայում, և հակառակը՝ Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում», -պարզաբանել է Քոչարյանը:

Ըստ նրա, տվյալ համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա:

Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում: