11 սեպտեմբերի 2017 - 16:28 AMT
ԳՊԿ. Հայ մասնագետները տիրապետում են միջուկային զենքի տեխնոլոգիաներին

Եվ ՀՀ-ում, և արտասահմանում կան որոշ հայազգի մասնագետներ, որոնք տիրապետում են միջուկային զենքի տեխնոլոգիաներին և կարող են ցանկացած ժամանակ այդ հարցով զբաղվել։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նա, սակայն, շեշտել է, որ Հայաստանում չկան միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ու գումարներ:

«Իրագործումը շատ մեծ գումարներ է պահանջում, որը մենք առայժմ չունենք»,- ասել է Հարությունյանը:

Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Ատոմակայանի ջերմային հզորություն 1375 ՄՎտ է: