Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալին: Ձերբակալվածը 18-ամյա տղա է: Ոստիկանությունը դա գնահատել է որպես «նշանակալի քայլ» հետաքննության համար:
Սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, որը Լոնդոնի արևմտյան մասում է, պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսների, ռումբը պայթել է դույլի մեջ, որը փաթեթով դրված է եղել գնացքի վագոնում: Պայթյունի հետևանքով 22 մարդ է տուժել:
Կասկածյալին ձերբակալել են Դուվր նավահանգստում: Առաջիկայում նա Լոնդոն կտեղափոխվի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը կոչ է արել պահպանել զգոնությունը:
«Թեև մենք գոհ ենք առաջընթացից, սակայն հետաքննությունը շարունակվում է և սպառնալիքի մակարդակը կրիտիկական է մնում»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: