19 սեպտեմբերի 2017 - 12:14 AMT
Ուկրաինայում Մեծ Հայրենականի մասնակից հայ զինվորի աճյուն են հայտնաբերել

2017-ի օգոստոսի ավարտին Ուկրաինայի Զապարոժեյի շրջանում հայտնաբերվել է Մեծ Հայրենական պատերազմի մասնակից հայ զինվորի աճյունը:

«Դավիթ Պողոսի Տեր-Պողոսյանը, 1904թ. ծնված, ծնունդով Լենինականից էր (Գյումրի): Գրանցված է եղել 37-րդ փողոցի, թիվ 11 տանը: Սակայն զորակոչվել է Երևանի Ստալինյան զինկոմիսարիատից: Ըստ հայտնաբերված փաստաթղթերի, նրա կինը՝ Սոնյա Մամիկոնի Ոսկանյանը ծնունդով Երևանից էր»,-ասել է Կերչ քաղաքի որոնողական ջոկատի ղեկավար Նատալյա Ձյուբան, որին օգնության խնդրանքով դիմել էին Զապորոժյեի որոնողները, գրում է Rusarminfo-ն:

Նա նաև հայտնել է, որ որոնողական խումբը հուսով է, որ կգտնի հայ զինվորի հարազատներին: «Դեռ սպասում ենք և հուսով ենք, որ Տեր-Պողոսյանի հարազատները կգտնվեն, իսկ եթե չկարողանանք գտնել, ապա Զապորոժյեի շրջանի վարչակազմը ինքը կնշանակի հուղարկավորության ամսաթիվը և կանցկացնի առանց հարազատների ներկայության»,-ասել է Ձյուբան:

Մայիսին հայտնի դարձավ, որ մարտի 23-ից ապրիլի 5-ը ՉեչնիայիՆաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում: Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: