6 փետրվարի 2008 - 14:08 AMT
Երեւանն ու Մոսկվան պայմանավորվել են Հայաստանում ուրանի արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են պարիտետային հիմքերի վրա Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին, չորեքշաբթի հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: «Համատեղ ձեռնարկությունը 50:50 հարաբերակցությամբ կպատկանի Հայաստանին եւ Ռուսաստանին»,-հայտարարել է նա լրագրողներին:

Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են անցկացնել Հայաստանում ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզում, որի պաշարներն ըստ կանխատեսումների կազմում են շուրջ 60 հազար տոննա: Հայաստանում ստացված ուրանը նախատեսվում է հարստացնել Անգարսկի Միջազգային կենտրոնում:

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Երեւանում ընթացող այցի շրջանակներում ռուս միջուկային մասնագետները Հայաստանի հետ հուշագիր են ստորագրել երկրաբանական հետախուզման, ուրանի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին, որը նաեւ նախատեսում է այդ ՀՁ-ի ստեղծումը: «Այդ նախագիծը կարող է միանգամայն շահութաբեր լինել»,-մեկնաբանել է Կիրիենկոն:

Նա հավելել է, որ համատեղ ձեռնարկությանը կտրամադրվեն Ռուսաստանում պահվող արխիվային նյութերը Հայաստանում ուրանի պաշարների վերաբերյալ: Ըստ Կիրիենկոյի, Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզման եւ ուրանի արդյունաբերական մշակման ոլորտներում: «2007 թվականին կատարվել են առաջին որոնումները: Նրանց գնահատմամբ, Հայաստանում ուրանի կանխատեսելի պաշարները կազմում են 30 հազար տոննա»,-ասել է Կիրիենկոն:

Ինչպես պատմել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը, ընթացիկ տարում նախատեսվում է եւս չորս արշավախումբ գործուղել Հայաստանում երկրաբանական հետախուզական աշխատանքների համար: 2008 թվականին Ռուսաստանը 3 մլն դոլար կներդնի հանրապետության տարածքում ուրանի հետախուզման նպատակով», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: