21 սեպտեմբերի 2017 - 13:28 AMT
Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականները կարող են հայտնվել Բաքվի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունի և Թուլսի Գեբըրդի Արցախ այցելության կապակցությամբ:

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

«Հետաքննվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունի և Թուլսի Գեբըրդի Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցը: Հետաքննության ավարտին նրանց հանդեպ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Նա ասել է, թե այդ մարդիկ, որոնք «ներկայացել են որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, արդեն երկար ժամանակ է ֆինանսավորվում են ԱՄՆ հայկական լոբբիի և Հայաստանի կողմից և ամբողջությամբ կախված են ԱՄՆ հայկական լոբբից»:

Արցախում Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին: