7 փետրվարի 2008 - 13:53 AMT
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, այժմ գործում է ռուսական «Կովկաս» նավահանգստի եւ ուկրաինական «Կերչ» նավահանգստի միջեւ լաստանավային փոխադրումը: «Սեւծովյան օղակ» նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ լաստանավային փոխադրումներ հաստատել բուլղարական Վարնա նավահանգստի եւ թուրքական Ստամբուլի միջեւ:

Ըստ նախարարի, «Սեւծովյան օղակ» նախագիծը նախատեսվում է իրագործել 2010-2015թթ., սակայն արդեն իսկ մինչեւ 2010թ. նախատեսվում է մինչեւ 5 000 000 տոննա ավելացնել բեռների հոսքը չորս ուղղություններով: Այժմ տարեկան փոխադրվում է 2 000 000 տոննա: Ըստ Լեւիտինի, երբ ավարտվի «Սեւծովյան օղակի» ձեւավորումը, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստների միջեւ 12 լաստանավեր կգործեն: Ի.Լեւիտինը հավելել է, որ դրանով կզբաղվի գործարար աշխարհը, իսկ պետության գործն է` նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծումը: «Վրաստանի կողմից բարդություններ չպետք է լինեն: Կարող են լինել սակագնային հարցեր, սակայն դադարեցնել բեռների բաց թողումը Վրաստանը չի կարող»,-հաղորդել է Լեւիտինը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: