27 սեպտեմբերի 2017 - 13:39 AMT
Արցախը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

Արցախի Հանրապետությունը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախը ողջունում է հանրաքվեի անցկացումը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախնական տվյալների Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ: Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն: