28 սեպտեմբերի 2017 - 15:09 AMT
ԱՄՆ կոնգրեսականը կողմ է արտահայտվել ազատ և անկախ Արցախին

ԱՄՆ-ն պետք է սատարի ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական հանգուցալուծմանը, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գեբըրդը:

Սեպտեմբերի 20-ին Արցախ են այցելելԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

«Այն տոկունությունն ու արիությունը, որոնք դրսևորում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր անկախության համար մշտական պայքարում, մեկ անգամ ևս հաստատում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու ինքնորոշումը», -ասել է նա:

«Մենք պետք է սատարենք այդ տևական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից»,-ասել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը: