29 սեպտեմբերի 2017 - 12:10 AMT
Սևանում ջրային սպորտաձևերի ներառական ճամբար կանցկացվի

Հոկտեմբերի 1-ից 10-ը Սևանա լճում կկազմակերպվի ջրային սպորտաձևերի ներառական ճամբար:

Ավանդաբար «Ռոսատոմի» հովանավորությամբ կազմակերպվող ճամբարում կներգրավվեն Ռուսաստանի տարբեր հատվածներից ու այլ երկրներից սահմանափակ կարողություններով մարդիկ:

Նրանց սպասվում են առագաստանավային սպորտի, կայակինգի ու ֆրիդայվինգի ամենօրյա պարապմունքներ, որոնք կանցկացվեն լճի ափին գտնվող Armenian Camp-ում:

Մի շարք մարդասիրական միջոցառումներ կկազմակերպվեն նաև Երևանում՝ կլոր սեղաններ, վարպետության դասեր, Հայաստանի հասարակական կազմակերպությունների ու հաշմանդամների միությունների հետ հանդիպումներ:

«Ճամբարում առողջ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ սովորում են ապրել միասին, հաղթահարել տարերքն ու ներքին արգելքները՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը»,- ասել է «Հոգու առագաստ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը:

Միջոցառման հիմական նպատակը փորձի փոխանակումն է և միջազգային ներառական կապերի հաստատումը: