2 հոկտեմբերի 2017 - 11:23 AMT
Վիգեն Սարգսյան. $200 մլն վարկով սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև 2017-ի վերջը

Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։

«Այդ ժամկետը նախատեսված է հենց համաձայնագրով: Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Սարգսյանն ասել էր, որ նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։

Նախարարը հավելել է, որ այս տարվա ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը եղել է ու շարունակելու է մնալ Հայաստանի առաջնահերթություններից: «Մենք այսօր էլ ունենք տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև՝ շուկայում չունեն իրենց անալոգները։ Մեր նպատակներից է ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծել է. «Հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալու ոչ միայն որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր»:

Ընթերցեք նաև. ՊՆ ղեկավար. ԶՈւ առաջնային խնդիրը մարտունակության բարձրացումն է