3 հոկտեմբերի 2017 - 15:20 AMT
Նորաձևության շաբաթ Երևանում. Հայ, բելառուս ու ռուս դիզայներների աշխատանքներ կներկայացվեն

Հոկտեմբերի 5-8-ը Հայաստանում կանցնի Երևանի նորաձևության շաբաթը Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով:

Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասել է AFD-International fashion day fashion-ընկերակցության հիմնադիր և Երևանի նորաձևության շաբաթի կազմակերպիչ Նաիրա Նիազյանը, միջոցառման շրջանակում իրենց հավաքածուները կներկայացնի 8 դիզայներ Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից: Օրը կներկայացվի 2-ական դիզայների հավաքածու:

Ցուցադրության 4 օրվա ընթացքում նորաձև հագուստի և աքսեսուարների իրենց հավաքածուները կներկայացնեն Գայանե Մարտիրոսյանը ( Հայաստան), Վերոնիկա Կանաշևիչը ( Բելառուս), սիրիացի դիզայներ Իվլին Օբեյտ Յուսեֆի Evoshka style-ը ( Բելառուս), Ալեքսանդրա Կոզլովսկայան ( Բելառուս), Leya.me-ն (ՌԴ), Alena Stepina (ՌԴ), Տաթևիկ Մանուկյանի MAVITA բրենդը (Հայաստան), MP Wood-ը (Հայաստան):

Զուգահեռաբար կանցկացվի ոսկերչական իրերի և ժամացույցների JUNWEX Yerevan Show 2017 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի ռուսական «ՌԵՍՏԷԿ JUNWEX» մեդիա հոլդինգի և «Մերիդիան» ոսկերչական հոլդինգի աջակցությամբ:

Ցուցահանդեսն ու Նորաձևության շաբաթը կանցնեն «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Գարնանը Երևանի նորաձևության շաբաթը բացեց Վյաչեսլավ Զայցևը:

Առաջին անգամ Yerevan Fashion Week. Golden Lace-ն անցկացվել է Հայաստանում 2014-ի հոկտեմբերի 24-26-ը: