ՀՀ կառավարությունը կաջակցի Հայաստանում կաթիլային ոռոգման համար նախատեսված խողովակների արտադրությանը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ:
Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ դրամի ներդրում, 1,1 մլրդ ՀՀ դրամի էլ նախատեսվում է։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ-ում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր: