Թուրքական զորքերը կմտնեն Իդլիբ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ թուրք զինծառայողները կտեղակայվեն սիրիական Իդլիբում Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
«Մենք բաշխել ենք շրջանները՝ թե ով և որտեղ պետք է դիտորդներ տեղակայի: Մեր զինվորականները կլինեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զորքերը՝ դրսում»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Իրան կատարած պաշտոնական այցից տուն վերադառնալիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ:
Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: