ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված: Այսպիսի հայտարարություն է արել եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում ընթացող Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների բացմանը:
«ԵՏՄ-ն բաց է բոլոր մասնակիցների համար, սակայն տվյալ դեպքում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա »,-ասել է նա, հայտնում է Sputnik-Արմենիան:
Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարղ է օգտվել իր վետոյի իրավունքից:
Ընդ որում, Գլազևը նշել է, որ այն հայտարարությունները, թե ԵՏՄ-ն փորձում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, հիմարություն են, որն առաջին անգամ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նա հավելել է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միավորում է: Գլազևը նշել է, որ Միությունը չունի միասնական խորհրդարան և միասնական արժույթ: Ըստ նրա, միասնական կառավարության ձևավորում չի ենթադրվում՝ մեղադրանքների համար առիթ չկա:
Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Կազմակերպությանն անդամակացում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: