9 հոկտեմբերի 2017 - 11:29 AMT
Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնաբերել են, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում հայտնվել են ծովից ծով Հայաստանի քարտեզները:

10-րդ դասարանի ռուսական հատվածի համար նախատեսված դասագրքում առկա է ծովից ծով Հայաստանի քարտեզը: Քարտեզում պատկերված Հայաստանը ներառում է տարածքներ ներկայիս Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից ու Թուրքիայից, հայտնում է Vesti.Az-ը:

Դասագիրքը գրվել է 9 հեղինակների կողմից, հրատարակվել է Բաքվում 2017-ին 7000 տպաքանակով:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին և տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։