9 հոկտեմբերի 2017 - 17:18 AMT
«Կամազը» բեռնատարներ կարտադրի Հայաստանում

Ռուսական ավտոմեքենաշինության հսկա «Կամազ» ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

Ըստ նրա, ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել «Կամազի» հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով «Կամազի» և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-ասել է Ազիզյանը:

Ըստ փոխնախարարի, կա նման արտադրություն հիմնելու պատրաստակամություն և կան շուկաներ, որոնց հայկական կողմը կարող է առաջարկել արտադրանքը:

Նա հավելել է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ: