Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը New Yorker TechFest խորհրդաժողովի շրջանակում պատմել է iPhone X-ի ստեղծման ընթացքի մասին:
Այվը նշել է, որ սարքի ստեղծման համար 5 տարի է պահանջվել: Մշակողները պատկերացում են ունեցել սարքի արտաքին տեսքի ու գործառույթների մասին, սակայն ընթացքում մշտապես դժվարությունների են հանդիպել, գրում է Lenta.ru-ն Fortune-ի վրա հղումով:
«Դեպքերի 99 տոկոսում մենք անհաջողության էինք մատնվում: Մեր փորձերի մեծ մասը ձախողվեց: Եթե մեր բոլոր նախատիպերը կես ճանապարհին չձախողվեին, շատ ավելի շուտ կներկայացնեինք սմարթֆոնը»,- ասել է Այվը:
Սեպտեմբերի 12-ին iPhone X-ը ներկայացվեց Apple-ի շնորհանդեսին Կալիֆորնիայում: Սմարթֆոնն ունի 5,8-դյույմանոց OLED դիսփլեյ, որը զբաղեցնում է ամբողջ առջևի մասը: Սարքն ունի նաև նոր տեսախցիկ և անլար լիցքավորում: