12 հոկտեմբերի 2017 - 10:26 AMT
Թիլերսոնը՝ Չավուշօղլուին. Ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների մեղքի ապացույցներ չկան

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուիհետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ՝ նրանց մեղքի ապացույցներ պահանջելով: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը:

«Պետքարտուղար Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարարին է հայտնել ԱՄՆ խորը մտահոգությունն Անկարայում ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ»,-ասվում է փաստաթղթում: Թիլերսոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին այդ մարդկանց գործած հանցագործությունների և արարքների ապացույցներ ներկայացնել, գրում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամն առաջացել է մասնավորապես Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո, որին կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Անկարան Գյուլենին է պատասխանոտւ համարում 2016-ի ամռանը չհաջողված պետական հեղաշրջման համար: Անկարայում ԱՄՆ դեսպան Բասսը միջադեպը բնութագրել է որպես երկրի ղեկավարության վրեժ և հնարավոր է համարել, որ նրանք անաչառ չեն: Դրանից հետո ԱՄՆ-ն կասեցրեց ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի բոլոր դիվանագիտական առաքելություններում, իսկ Անկարան կասցերեց վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին: