13 հոկտեմբերի 2017 - 18:45 AMT
Մխիթարյանն ու Կլոպը գովաբանել են իրար «Ման Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հանդիպման նախաշեմին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաճոյախոսություններ են փոխանակել հոկտեմբերի 14-ին կայանալիք «Ման-Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղից առաջ։

Inside Football-ին տված հարցազրույցում Կլոպը հայտարել է, որ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է։ «Անհամբեր սպասում եմ Էնֆիլդում իր հետ հանդիպմանը», - նշել է նա։

Մխիթարյանն, իր հերթին, նշել է, որ հենց Կլոպն է օգնել նրան ավելի լավ մարզիկ դառնալ։ «Ես ընտրել էի «Բորուսիան», քանի որ շատ էի հավանում նրա ոճն ու մարզիչ Կլոպին։ Հենց որ ես շփվեցի Կլոպի հետ, միանգամից հասկացա, որ ուզում եմ իր թիմում խաղամ։ Գերմանիա տեղափոխվելուց հետո Յուրգենն ասաց ինձ, որ անընդհատ ֆուտբոլի մասին չմտածեմ։ Այժմ հասկանում եմ, թե նա ինչ ի նկատի ուներ․ Կլոպն աշխանում էր իմ հոգեբանական վիճակի վրա, երբ մենք մի քանի շատ անհաջող հանդիպում անցկացրինք։ Ես անչափ շնորհակալ եմ նրան», - մեջբերում է հայ կիսապաշտպանին 11 Freunde-ն։

Ընթացիկ առաջնությունում 7 հանդիպումից հետո «Լիվերպուլը» 7-րդ հորիզոնականում է 12 միավորով։ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ։