14 հոկտեմբերի 2017 - 10:58 AMT
ՀՀ-ում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել

Հայաստանում և ԵՏՄ մյուս երկրներում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է համապատասխան կանոնակարգի վրա:

Փաստաթղթի հիմքում կարող են ընդգրկվել ռուսական որակի չափանիշի՝ ԳՕՍՏ-ի 54 կետ, որոնք թույլ կտան կրճատել էլեկտրականության սպառումը 35-40 %-ով: Հեռուստացույցները, լվացքի մեքենաները, սառնարաններն ու այլ տեխնիկան ավելի խնայող կլինեն, գրում է «Իզվեստիան»:

Ռոսստանդարտում հայտնել են, որ մշակվել է 54 ԳՕՍՏ, որոնք կօգնեն ռուսաստանցիներին տնտեսել էլեկտրականության վրա մինչև 40 %` անցնելով էներգախնայող տեխնոլոգիաների: 20 չափանիշ արդեն հաստատվել է, իսկ մինչ 2017-ի ավարտը ևս 34 կընդունվի, որոնք գործողության մեջ կմտնեն 2018-2019թթ. Ինչպես նշել են Ռոսստանդարտում, այդ ԳՕՍՏ-երը կարող են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում ընդգրկվել:

Չափանիշները հիմնականում վերաբերում են կենցաղային տեխնիկային: Օրինակ, հեռուստացույցների և մոնիտորների համար կարող են սահմանվել հետևյալ պահանջները՝ 21 անկյունագծով Full HD աշխատող հեռուստացույցի էլեկտրաէներգիայի սպառումը չպետք է գերազանցի 78,8 Վտ, նվազագույն պահանջներով, և 58 Վտ՝ բարձր պահանջներով: Իսկ սպասման ռեժիմում սպառման հզորությունը չպետք է գերազանցի 1 Վտ ցանկացած դեպքում:

Եթե ԵՏՄ բոլոր երկրները՝ ՌԴ-ն, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսն ու ՀՀ-ն հավանություն տան որոշմանը, այն պարտադիր կլինի կատարման համար: ԳՕՍտ-երը միայն խորհրդատվական բնությ ունեն: