16 հոկտեմբերի 2017 - 13:52 AMT
Չմաքսազերծվող ապրանքների մուտքը ԵՏՄ առաջարկում են նվազեցնել մինչև €50

Արտասահմանյան երկրներից ԵՏՄ անդամ երկրներ չմաքսազերծվող ապրանքների մուտքն առաջարկում են նվազեցնել մինչև €50: Ըստ «Պոչտի Ռոսիի», շեմը 2019-ի հունվարի 1-ից կարելի է նվազեցնել մինչև €200, 2020թ. հունվարի 1-ից՝ մինչև €100, և մինչև €50 ՝ 2021-ի հունվարի 1-ից:

Դա թույլ կտա «պահպանել անդրսահմանային առևտրի աճի տեմպերը և ավելացնել դաշնային բյուջեի եկամուտները միջնաժամկետ հեռանկարում», ասվում է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում, հայտնում է «Կոմերսանտը»:

Հոկտեմբերի 11-ին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը մակագրել է համապատասխան նամակը՝ հանձնարարական տալով կառավարությանը հաշվարկել քայլի բյուջետային արդյունքը «շտապ» վերտառությամբ: «Պոչտի Ռոսիի» ընկերությունում հաստատել են, որ նման նամակ ուղարկվել է: Արկադի Դվորկովիչի ներկայացուցիչ Ալիյա Սամիգուլինան մեկնաբանություններից հրաժարվել է:

ՌԴ-ում չմաքսազերծվող ապրանքի ներմուծման շեմը միջազգային փոստային առաքումներում 1000 եվրո է, ՀՀ-ում՝ մոտ 351 եվրո, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում՝ 1000 եվրո: Ըստ ԵՏՀ կոլեգիայի մշակած ծրագրի, 2019-ի հունվարի 1-ից շեմը պետք է նվազեցվի մինչև 500 եվրո, իսկ 2020-ին՝ մինչև 200 եվրո: