20 հոկտեմբերի 2017 - 17:08 AMT
Նալբանդյան. Ժնևից հետո խախտումները շփման գծում շարունակվում են

Ժնևում կայացած գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով հոկտեմբերի 19-ին զինվոր է զոհվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ կայացած համատեղ ասուլիսում:

Նախարարը հավելել է, որ «ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից»,- հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների, ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

«Մենք համակարծիք էին Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Հոկտեմբերի 19-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: