1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ են հեռացել հայրենիքից, որից մոտ 760. 000-ն ապրում է Ռուսաստանում: Գործազրկությունը, կայունության և անվտանգության բացակայությունը ստիպում է նրանց հեռանալ հայրենիքից, գրում է BBC-ին:
Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական դինամիկա է ներկայացնում: Փորձագետները հոռետեսորեն են ընկալում ներկայացված թվերը և զգուշացնում են որակյալ կադրերի արտահոսքի մասին:
Ըստ Migration Policy Institute-ի, այսօր մոտ 1,147 մլն ադրբեջանցի է ապրում այլ երկրներում, որից 767.000-ը ՌԴ-ում, 82.000 Ուկրաինայում, 48.000՝ Ղազախստանում, 20. 000՝ ԱՄՆ-ում, նույնքան՝ Ուզբեկստանում, 19.000՝ Գերմանիայում, 17.000՝ Թուրքիայում:
Ըստ ՌԴ պետական վիճակագրական ծառայության, վերջին տասնամյակում Ադրբեջանից ՌԴ մեկնող ադրբեջանցիների քանակն ամեն տարի գերազանցել է ՌԴ-ից Ադրբեջան մեկնողներինն առնվազն 10.000-ով:
Ադրբեջանից հեռանում են տարբեր պատճառներով՝ ոմանք նշում են աշխատանքի բացակայությունը, ոմանք՝ անվտանգությունն ու կյանքի որակը, մյուսները՝ հեռանկարների բացակայությունն ու կոռուպցիան:
Ըստ տնտեսագետ Թոգրուլ Մաշալլիի, մեկնում են 20-25 տարեկանները, ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք չեն գտնում, այլ նաև լավ տեղերից ազատվողները, որոնք «ուղղակի այլ կյանք են ընտրում»: