Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից ընդամենը օրեր անց Ադրբեջանը շփման գծում խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spike տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ ու ականանետեր:
PAN-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արդրբեջանի այս պահվածքի վրա զարմանալու կարիք չկա, «այս պետության էությունը ահաբեկչական է»:
Նրա խոսքերով՝ հակառակորդի ակտիվացումը շփման գծում ևս մեկ լրացուցիչ հարված է առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացին: «Անհրաժեշտ է շատ արագ սկսել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների իրականացումը»,- ասաց նա:
Ժնևյան հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ալիևի հետ պայմանավորվել են առաջնագծում լարվածությունը թուլացնելու և զոհերից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել: «Պետք է ասեմ՝ և Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք»,-ասել էր նախագահը: