24 հոկտեմբերի 2017 - 17:44 AMT
Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդան, մեդալ կստանան հրեաներին փրկելու համար: Նրանք կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Փարիզը հայտնվել էր նացիստների օկուպացիայի տակ, Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, երեխաները՝ Շառլն ու Աիդան, աջակցել են ֆաշիստների հալածանքներին ենթարկվող մարդկանց: Ազնավուրներն իրենց տանն են պատսպարել հրեաներին և հետապնդվող այլ ազգությունների մարդկանց:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Իսրայելում: Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը: Քանի որ Աիդան չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը, նրա մրցանակը ևս իրենք կստանան:

Պարգևատրման արարողությունը կանցնի Իսրայելի նախագահի նստավայրում: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը: