25 հոկտեմբերի 2017 - 16:55 AMT
Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը

2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը: Այդ մասին հայտարարել է ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվել է, և հաջորդ տարի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ»,- ասել է Մելանյա Ստեփանյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նա հավելել է, որ ՉՄՄ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց: