26 հոկտեմբերի 2017 - 13:11 AMT
Կիևում պայթյունից վիրավորված պատգամավորն Ուկրաինա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարն է

Հոկտեմբերի 25-ին Կիևում պայթյունից վիրավորված Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Ազգային ժողովում դատապարտել են նրա դեմ մահափորձը:

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիևի Ադամ Միցկևիչի փողոցում: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զոհվել է նրա թիկնապահը:

«Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի և մեր գործընկերների անունից դատապարտում ենք խմբի ղեկավարի դեմ իրականացված մահափորձը»,- հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն Ազգային ժողովում, հայտնում է Panorama.am-ը։

Պատգամավորը հիշեցրել է, որ մահափորձի մասին հոկտեմբերի 25-ին հաղորդագրություն էին տարածել ուկրաինական լրատվամիջոցները։

«Կան վիրավորներ և մեկ զոհ։ Ցավակցում ենք զոհի ընտանիքներին ու հարազատներին։ Խմբի ղեկավարն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և հանդարտություն»,- ասել է Բեքարյանը։

Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է: