18 փետրվարի 2008 - 18:37 AMT
Վաշինգտոնը ճանաչել է Կոսովոյի անկախությունը
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: «Կոսովոյի բնակիչներն այժմ անկախ դարձան»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, որը գտնվում է այցով Տանզանիայում: Բուշը հստակեցրել է, որ կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ հիշեցրել, որ պաշտպանել է երկրամասի անջատվելու իրավունքը: «Մենք ղեկավարվելու ենք Ախտիսաարիի պլանով եւ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Ջ.Բուշը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Բելգրադը չեղյալ է հայտարարել անկախության մասին երկրամասի հռչակագիրը եւ կոչ է արել միջազգային հանրությանը անվավեր համարել այն որպես միջազգային իրավունքին հակասող փաստաթուղթ: Ռուսաստանը հայտարարել է, որ կպնդի, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չեղյալ հայտարարվի, ինչպես նաեւ ապահովվեն Կոսովոյի բնակչության այն մասի անվտանգության երաշխիքները, որոնք դեմ են երկրամասի անջատմանը Սերբիայից: