Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց:
«Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ եթե Իսպանիան չի ցանկանում մասնատվել, ապա պետք է փոխի պետության ձևը դաշնության կամ համադաշնության:
Հարցին, թե պատրաստվում է արդյոք Արցախը ճանաչել Կատալոնիայի անկախությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ դա կախված է գործընթացի հետագա զարգացումից և «ժամանակի հարց է»:
Հոկտեմբերի 1-ին Իսպանիայից անջատվելու օգտին Կատալոնիայում քվեարկել է մասնակիցների 90%-ը: Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնությունների և հօգուտ Կատալոնիայի անկախության:
Սեպտեմբերին Արցախի հանրապետության ԱԳՆ-ն Իրաքայան Քրդստանի անխակության հանրաքվեի անցկացումը ողջունող հայտարարություն էր տարածել: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում էր հայտարարության մեջ: