28 հոկտեմբերի 2017 - 13:19 AMT
Ազնավուրի պատվին Իսրայելում ձիթենու ծառ է տնկվել

Հոկտեմբերի 27-ին, Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում, «Աշխարհի արդարներին» նվիրված պուրակում ձիթենու ծառ է նվիրաբերվել լեգենդար ֆրանսահայ շանսոնյեՇառլ Ազնավուրին: Այդ մասին ասվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում:

Ազնավուրն այս պատվին է արժանացել Երկրորդ համաշխարհայինի տարիներին բազմաթիվ հրեաների կյանքեր փրկելու համար:

Շառլ Ազնավուրն Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի մեդալով, որը շնորհվել է նրան Հոլոքոսթի ժամանակ իր ընտանիքի մարդասիրական գործունեության համար, որն ապաստան է տվել նացիստների կողմից հետապնդվող մարդկանց: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Շառլը և նրա քույրը Աիդան

Գրառման մեջ նշվում է, որ Ազնավուրյանների ընտանիքի մարդասիրական արարքի մասին գիրք է գրել հրեա պատմաբարն, պրոֆեսոր Յարի Օրոնը, որը լույս է տեսել 2 տարի առաջ:

Արարողությունից հետո հանդիսություն է կազմակերպվել, որի ավարտին ներկաներին իր խոսքն է աել նաև Շառլ Ազնավուրը:

Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ:

Աշխարհահռչակ շանսոնյեն հարցրել է Իսրայելի նախագահին, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավուրը: