30 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT
Բաքուն դժգոհ է Արցախի մասին ռուսական ԶԼՄ-ների նորություններից

Ադրբեջանում դժգոհ են, որ ՌԴ առաջատար ԶԼՄ-ները հրապարակել են Արցախի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման վերաբերյալ, որտեղ Ստեփանակերտը կոչ է արել Մադրիդին և Բարսելոնային երկխոսության ճանապարհով լուծել Կատալոնիայի հարցը:

«Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռուսական ԶԼՄ-ների շնորհիվ, այդ թվում RT-ի, ՌԻԱ Նովոստի գործակալության, ՏԱՍՍ-ի և այլ լրատվամիջոցների, ԼՂՀ-ի ոչինչ չնշանակող հայտարարությունն անսպասելի կերպով գերկարևոր դարձավ»,-գրում է Rusarminfo-ն ադրբեջանական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև վարկած են առաջ քաշել, որի համաձայն ռուսական ԶԼՄ-ներն, իբր, տարածում են այդ հաղորդագրությունը Կրեմլի հրահանգով, որի նպատակն է պառակտել Եվրոպան:

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը: