1 նոյեմբերի 2017 - 16:40 AMT
2018-ի Ձմեռային օլիմպիադայի առաջին ջահակիրը գեղասահորդուհի Յու Ենն է

2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը գեղասահորդուհի Յու Ենն է դարձել Փհենչհանում:

«Հպարտ եմ, որ պատիվ ունեմ առաջինը կրել օլիմպիական ջահը: Իմ երազանքն է ներկայացնել իմ երկիրն Օլիմպիական խաղերում, ես ամեն ինչ կանեմ այդ նպատակին հասնելու համար», - ասել է Յու Ենը փոխանցավազքի մեկնարկից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Յու Ենը չի կարող մասնակցել առաջիկա Օլիմպիադային տարիքային սահմանափակման պատճառով՝ նրա 15 տարին դեռ չի լրացել, սակայն ազգային առաջնությունում նա 2016-ին 11 տարեկանում դարձել է Կորեայի Հանրապետության մեծահասակների առաջնության հաղթողը:

Ձմեռային Օլիմպիական խաղերը կանցնեն հարավկորեական Փհենչհանում փետրվարի 9-25-ը: 100 օր շարունակ 7500 ջահակիր օլիմպիական կրակը կանցկացնեն Օլիմպիադան ընդունող երկրի գավառներով: