4 նոյեմբերի 2017 - 16:19 AMT
LA Weekly. Ինչպես է հայկական ինքնությունը վերապրում ցեղասպանությունը

LA Weekly-ն անդրադարձել է ամերիկաբնակ ռեժիսոր Ավո Ջոն Քամբուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների հաջողության պատմությունների մասին ֆիլմաշարին: Echoes of Survival ֆիլմաշարի գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ, երբ ամբողջ աշխարհի հայերը պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Մենք խոսում ենք ցեղասպանության ընթացքում սպանված 1.5 մլն հայերի մասին՝ մոռանալով պատմել նրանց մեջ եղած տաղանադավոր անհատների ձեռքբերումների, նորարարությունների մասին և նրա մասին, թե մշակութային ինչ կորուստներ ենք ունեցել»,- պարբերականին ասել է ֆիլմաշարի հեղինակը:

5 մասից բաղկացած փաստագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվելու է նոյեմբերի 4-ին Arpa միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Սան Ֆերնանդոյում ծնված Քամբուրյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Սիրիայից: 2012-ին կինոռեժիսորն այցելել է Արևմտյան Հայաստան, եղել նախկինում հայերով բնակեցված վայրերում: Այս ուղևորությունն օգնել է նրան ԱՄՆ վերադառնալուց հետո ֆիլմի ստեղծագործական աշխատանքներում», - գրում է պարբերականը:

Echoes of Survival-ում ներկայացվում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի՝ արվեստի, մշակույթի, գիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումները, և այն, թե ինչպես է ազգային ինքնությունն ազդում նրանց մասնագիտական գործունեության վրա: