6 նոյեմբերի 2017 - 13:20 AMT
The Smithsonian. Հայաստանում տարիներ առաջ հայտնաբերված հովազն Իրան է հասել

The Smithsonian ամսագիրն անդրադարձել է դեռևս հազարամյակներ առաջ հայկական պատմագրության մեջ հիշատակվող Հայկական լեռնաշխարհի բնակիչ կովկասյան հովազին: «Կենդանատեսակին ոչ ոք չէր տեսել, մինչև որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի դիստանցիոն տեսախցիկն արձանագրեց կենդանու պոչը»,- գրում է ամսագիրը:

«Պարզվում է, որ տեսախցիկի արձանագրած հովազը երեք ոտք է ունեցել: Մոտավորապես վեց ամիս ամց կենդանուն նկատել են Ադրբեջանի տարածքում: Երկու տարի առաջ ես Իրանում էի, երբ ինձ ցույց տվեցին մեր հովազի լուսանկարը: Պարզվում է՝ նա հասել է Իրան՝ ավարտելով իր գաղթն այստեղ»,- ասում է FPWC հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Խաչատրյանը՝ իր գործընկերների հետ, Կովկասի վայրի կենդանիների պահպանման համար Հայաստանի հարավարևելյան Արարատի մարզում միգրացիոն միջանցք է ստեղծել: 10,000 հեկտար կազմող ապաստարանը միակն է ամբողջ կովկասյան տարածաշրջանում»,-գրում է ամսագիրը:

Արարատի Ուրցաձոր գյուղի շրջակայքում ստեղծված ապաստարանի տարածքում ամենօրյա հսկողություն է իրականացվում նկարահանող սարքերի միջոցով՝ կենդանիներին ապօրինի որսից պաշտպանելու նպատակով:

Photo: FPWC