6 նոյեմբերի 2017 - 11:33 AMT
Օդեսայում հայ գինեգործ Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել

Օդեսայի ակադեմիկոս Կորոլյովի և ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում բացել են հայտնի գիտնական Վասիլի Թաիրովի հուշակոթողը:

Բացման արարողությունը տեղի է ունեցել գործչի 158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնվել է հայ հոգևորականների կողմից, հայտնում է UA-Report.info-ն:

Միջոցառումը անցկացվել է Օդեսայի մարզային խորհրդի ղեկավար Անատոլիյ Ուրբանսկու, տարածքային և մինիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վլասովի, նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, Օդեսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ:

Հայր Աբգար Գլչյանը Analitikaua.net-ին հայտնել է. «Հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսայի հայկական համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»:

Վասիլի Թաիրովը (Վասիլ Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914 թվականին: Այսօր այն խաղողագործության և գինեգործության ազգային գիտական ինստիտուտ է: