7 նոյեմբերի 2017 - 11:22 AMT
Հայ ու թուրք զինծառայողները հնարավոր է միասին ականազերծեն Սիրիան

Հայաստանի, Սերբիայի և Չինաստանի զինվորականները կարող են մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին:

Gazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը:

Ըստ Ֆոմինի, աշխատանքներին ներգրավելու համար բանակցություններ են տարվում նաև Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Թուրքիայի պաշտպանության նախարարությունների հետ: ՌԴ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Աբխազիան և Սերբիան միասին 1300 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա:

Հարցազրույցի ընթացքում Ֆոմինն անդրադարձել է նաև դաշնակից երկրների զինված ուժերի հետ համագործակցության ընդլայնմանը: «Մեծ ուշադրություն ենք հատկացնում Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգերի զարգացմանը: Մենք դիտարկում ենք այս երկրների բանակները՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխիքներ»,-ասել է նա:

Ֆոմինը հավելել է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն անվճար վերապատրաստում է այս երկրների զինծառայողներին: