8 նոյեմբերի 2017 - 16:55 AMT
ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հայտնում է կազմակերպության գործող նախագահի մամուլի ծառայությունը:

«ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հիմնական գերակայությունները, որոնք քննարկվելու են հանդիպման ժամանակ, լինելու են ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտիներում լարվածության նվազեցումը, պայքարը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, ինչպես նաև կազմակերպության շրջանակում վստահության վերականգնումը: Սակայն, չնայած, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիպման առանձին թեմա չի լինելու, պատվիրակությունները հնարավորություն կունենան անդրադառնալու այդ հարցին իրենց ավանդական հայտարարություններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, նախորդ տարիներին ԱԳՆԽ շրջանակներում եղել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Վիեննայում նախագահելու է Ավստրիայի գործող ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարող է հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում:Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ըստ նրա, նոյեմբերի 15-ին այցով Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և վերջինիս հետ հանդիպում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման շրջանակում: