8 նոյեմբերի 2017 - 17:54 AMT
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է մինչև 2017-ի վերջը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մինչև 2017-ի ավարտը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպել:

«Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները մտադիր են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ: Այժմ ՌԴ-ն ներկայացնող համանախագահը, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, աշխատում է այդ հանդիպման տեղն ու օրը որոշելու վրա»,-ասել են գերատեսչությունում, հայտնում է ԱՊԱ-ն:

ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: