9 նոյեմբերի 2017 - 17:07 AMT
Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ

Ոգեշնչող տեսարաններ, համեղ ուտեստներ, թև տվող խմիչնքեր՝ այս ամենը Հայաստան այցելելու ծանրակշիռ պատճառներ են, ինչպես դա վերջերս արեց Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը:Այդ մասին գրում է ռուսական Hellomagazine պարբերականը՝ ներկայացնելով Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ:

Որպես առաջին պատճառ նշվում է քաղաքի ճարտարապետությունը:

«Այստեղ չկա միասնական ճարտարապետական պատկեր: Դա բացատրվում է նրանով, որ Երևանը, որը հիմնավել է Հռոմից 29 տարի առաջ, իր գոյության ընթացքում բազմիցս է քանդվել ու նորից կառուցվել: Երևանը կոնտրաստ ճարտարապետության քաղաք է՝ սև քարից պատմական կառույցներն Երևանում վարդագույն տուֆից կառուցված համեմատաբար նոր շենքերի հարևանությամբ են գտնվում, իսկ ժամանակակից ապակյա բիզնես-կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա տների կողքին»,-ասվում է հրապարակման մեջ:

Երևան այցելելու երկրորդ պատճառը քաղաքում ամեն ճաշակի երաժշտությունն է՝ ջազ, Ազնավուր, Քանյե Ուեսթ և System of a Down:

Երրորդ պատճառն, ըստ ամսագրի, կերակուրն է:

«Խոհանոցը բնակիչների բնավորության իդեալական արտացոլանք է՝ նույնքան բազմազան ու տարբեր, ավանդական , բայց ընդունող ժամանակակից գաստրոնոմիական հովերը»,-գրում է հեղինակը:

4-րդ պատճառը կոնյակն է:

«Չէ որ կոնյակն այս ժողովրդի համար զուտ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության մաս»,-գրում է պարբերականը:

5-րդ պատճառն, ըստ ամսագրի, այն է, որ Երևանի մերձակայքում են գտնվում այն վայրերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է այցելի կյանքում գոնե մեկ անգամ՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի, Գեղարդ: