13 նոյեմբերի 2017 - 14:20 AMT
Հայաստանի էներգետիկայի ոլորտում $1 մլրդ կներդրվի

«Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբի» և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի 1 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 13-ին Երևանում «Հայաստանի ներդրողների ակումբի» կազմակերպած միջոցառման ժամանակ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ և գործարարներ, հայտնում է Panorama.am-ը:

Միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ծրագրի ամենակարևոր ուղերձն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամի գործունեության մեկնարկը: ՀՀ կառավարության և հիմնադրամի միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը:

ՀՀ կառավարության և հիմնադրամի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, Մշակող արդյունաբերության զարգացումը: