15 նոյեմբերի 2017 - 16:32 AMT
Հայկական Inapptics-ը վերլուծում է բջջային հավելվածների օգտագործման մանրամասները

Հայկական սթարտափը Inapptics հավելվածների վերլուծության գործիք է ստեղծել: Այն վերլուծում և պատկերային տվյալներ է տրամադրում բջջային հավելվածների հեղինակներին դրանց օգտագործման վերաբերյալ:

Inapptics-ը ամբողջական պատկեր է տրամադրում այն մասին, թե ինչ քանակությամբ օգտատերեր, երբ և ինչպիսի հաճախականությամբ են օգտվում իրենց հավելվածից, հավելվածի որ գործիքներն են ավելի շատ կիրառում կամ ինչի հետևանքով են դադարում այն օգտագործելուց: Այս վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ հավելվածի տեխնիկական և ձևավորման հետ կապված խնդիրները, նպաստել դրանց լուծմանն ու հնարավորինս հարմարեցնել այն օգտատիրոջ նախընտրություններին:

Հայտնի է, որ Android և iOS համակարգերում միասին հավելվածների թիվը գերազանցնում է 5 մլն-ը, որից մոտ 2,8 մլն-ն առաջարկում է Android-ը, մոտ 2,2 մլն-ը՝ iOS-ը: Հավելվածների այս բազմազանության մեջ դրանց հեղինակները սեփական արտադրանքը մշտապես մրցունակ պահելու խնդիր ունեն:

Inapptics-ն այժմ վերլուծում է միայն iOS համակարգի հավելվածները և առաջիկայում կիրառելի կլինի նաև Android-ի և կայքերի համար։

Գործիքն անվճար է մինչև 1000 օգտատեր ունեցող հավելվածների համար, մինչև 30.000 օգտատեր ունեցող հավելվածների համար այն $99 արժե, մինչև 60.000՝ $199, և մինչև 100.000՝ $299: